Ուզբեկստանում ձերբակալվել է Մոսկվայում 4-ամյա երեխայի սպանության համար մեղադրվող դայակի որդին
Ուզբեկստանում ձերբակալվել է Մոսկվայում 4-ամյա աղջկա դաժան սպանության համար մեղադրվող Գյուլչեխրա Բոբոկուլովայի որդին։ Այդ մասին gazeta.ru-ին հայտնել է կասկածյալի հայրը՝ Բահրեթդին Թուրաևը։
Հաղորդվում է, որ ձերբակալվածը Բոբոկուլովայի ավագ որդին է՝ 19-ամյա Ռահմաթիլլոն։
Մինչև 2015 թվականի նոյեմբերը նա Մոսկվայում բնակվել է մոր հետ, որտեղ աշխատել է շուկայում։
«Նրան ձերբակելել են երկուշաբթի երեկոյան։ Ինչ-որ տեղ տարան, և մենք չգիտենք, թե որտեղ է նա և ինչ է պատահել, մեզ ոչինչ չեն ասում»,-ասել է Թուրաևը։
Հիշեցնենք, որ Բոբոկուլովան 4-ամյա Նաստյայի ծնողների հեռանալուց հետո գլխատել է փոքրիկին, հրկիզել բնակարանն ու կտրած գլուխը ձեռքին` դուրս եկել փողոց: Մոսկովյան «Օկտյաբրսկոյե պոլե» մետրոյի կայարանի մոտ իրավապահները մոտեցել են հիջաբով կնոջն ու պահանջել ներկայացնել անձը հաստատող փաստաթղթեր: Ի պատասխան` դայակը ցույց է տվել երեխայի արնաշաղախ գլուխն ու սպառնացել պայթեցնել ինքն իրեն:
Նա բացատրել է սարսափելի ոճրագործությանը դիմելու դրդապատճառը: «Ալլահը հրամայեց»,- ասել է նա։
Մարտի 2-ին դատարանը երկու ամսով կալանավորել է Բոբոկուլովային, սակայն նրան դեռ մեղադրանք չի առաջադրվել։










