Չինաստանի ռազմական բյուջեն 2016 թվականին կավելանա 8 տոկոսով

10:37 • 04.03.16

Չինաստանի ռազմական բյուջեն, որն աշխարհում մեծությամբ երկրորդն է, 2016 թվականին կավելանա մոտավորապես 7-8 տոկոսով։ Այդ մասին ուրբաթ օրը հայտնել է Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի պաշտոնական ներկայացուցիչ Ֆու Ինը, գրում է РИА Новости-ն։

 

«Չինաստանի ռազմական բյուջեն այս տարի կրկին կաճի, բայց աճի տեմպերը կլինեն ավելի դանդաղ, քան անցած տարի: Այս տարի աճը կկազմի մոտ 7-8 տոկոս»,- ասել է Ֆու Ինը երկրի բարձրագույն օրենսդրական մարմնի ամենամյա նիստին նախորդող մամուլի ասուլիսի ժամանակ։

 

Ֆու Ինը նաև նշել է, որ հստակ թիվը կհայտարարվի վաղը, երբ բյուջեի նախագիծը կդրվի Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի քննարկմանը։

 

«Ռազմական բյուջեն կազմելիս հաշվի է առնվել երկու գործոն՝ ռազմական շինարարության կարիքները և երկրում տնտեսական իրավիճակը»,- բացատրել է պաշտոնական ներկայացուցիչը: Նա հավելել է, որ Չինաստանում բանակի արդիականացման բարեփոխումն ուղղված է պետության և քաղաքացիների անվտանգության պաշտպանությանը։

Չինաստանի ռազմական բյուջեն 2016 թվականին կավելանա 8 տոկոսով