ՀԴԲ-ն Հիլարի Քլինթոնի էլեկտրոնային հասցեն կոտրելու հետքեր չի հայտնաբերել
ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոն օտար երկրներից ներխուժման հետքեր չի հայտնաբերել սերվերում, որն ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն օգտագործել է անձնական էլեկտրոնային փոստով պաշտոնական նամակագրություն վարելու համար: Այդ մասին The New York Times թերթին հայտնել են Քլինթոնի էլեկտրոնային փոստի հետ կապված սկանդալի՝ Հետաքննությունների դաշնային բյուրոյի անցկացրած հետաքննությանը մոտ աղբյուրները։
Սերվերին հասանելիության մասին գրառումներով լոգ-ֆայլերը Հետաքննությունների դաշնային բյուրոյին է ներկայացրել Հիլարի Քլինթոնի նախկին օգնական Բրայան Պալյանոն: Դրանցում պահվող տեղեկությունը հաստատում է Քլինթոնի հայտարարությունն այն մասին, որ ծառայողական նամակագրության համար անձնական էլեկտրոնային փոստի օգտագործումը չի հանգեցրել ամերիկյան գաղտնիքների արտահոսքի։
Այդկերպ, ինչպես գրում է թերթը, Քլինթոնի աջակիցները կարող են պնդել, որ նրա կողմից անձնական փոստային հասցեի օգտագործումը սխալ է եղել, բայց ավարտվել է առանց հետևանքների:
Էլեկտրոնային փոստի հետ կապված սկանդալը դեռ կարող է վնասել Հիլարի Քլինթոնին, ով այժմ առաջատար դիրքերում է Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու դառնալու իրավունքի համար անցկացվող արշավում: Չի բացառվում, որ Հետաքննությունների դաշնային բյուրոն հետաքննությունը փակելուց առաջ ցանկանա հարցաքննել նրա օգնականներին կամ հենց նրան՝ Հիլարիին։










