Ֆինանսական խարդախությունների համար մեղադրվող Էրդողանի որդին հեռացել է Իտալիայից. լրատվամիջոցներ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որդին՝ Բիլյալը, ով իտալական դատախազության կողմից մեղադրվում է ֆինանսական խարդախությունների համար, ամենայն հավանականությամբ ընտանիքի հետ հեռացել է Իտալիայից և վերադարձել է Ստամբուլ։ Այդ մասին ուրբաթ հայտնել է բոլոնյան Il Resto del Carlino թերթը, փոխանցում է РИА Новости-ն:
Նշվում է, որ իր մեկնելու մասին Էրդողան- կրտսերը տեղեկացրել է իտալացի ծանոթներին՝ SMS-ի միջոցով:
«Մեր անվտանգությանը վերաբերող հարցը դարձել է շատ նուրբ՝ ինչպես իտալական, այնպես էլ թուրքական կառավարության համար»,- նշել է Թուրքիայի նախագահի որդին: Բոլոնյա նա ժամանել է մոտ մեկ տարի առաջ Ջոն Հոփկինսի համալսարանում դոկտորական թեզ գրելու համար։
35-ամյա Բիլյալ Էրդողանի նկատմամբ հետաքննությունը վարում է Բոլոնյայի դատախազությունը: Գործը բացվել է Ֆրանսիայում ապրող ընդդիմադիր թուրք գործարար Հաքան Ուզանի դիմումի հիման վրա: Նա պնդում է, որ Էրդողանի որդին Իտալիա է բերել մեծ գումար, որը ստացել է անօրինական գործունեության՝ ենթադրաբար արգելված կազմակերպությունների հետ նավթի վաճառքի արդյունքում։










