Գյումրիի անօթևանների խնդրի լուծմանը միացել են Մադրիդի «Ռեալը», «Բարսելոնան», Ազնավուրը, հայ լեգենդար մարզիկներ

12:28 • 04.03.16

Գյումրիի անօթևան 13 ընտանիքներին բնակարաններով ապահովելու նպատակով SOS Գյումրի թիմի նախաձեռնությանը Ֆեյսբուքյան էջով այս պահի դրությամբ  արձագանքել են աշխարհի երկու հզորագույն ֆուտբոլային ակումբները` Մադրիդի «Ռեալն» ու «Բարսելոնան», աշխարհահռչակ երգիչներ Շառլ Ազնավուրը և  Սերժ Թանկյանը: Նախաձեռնությանը միացել են հայ անվանի ֆուտբոլիստներ  Յուրա Մովսիսյանը և Հենրիխ Մխիթարյանը`բարեգործական աճուրդի համար տրամադրելով իրենց մարզաշապիկները:


Այս մասին  Tert.am-ին  հայտնեց նախաձեռնության անդամ Արեն Մկրտչյանը:
Նա նշեց, որ մարտի 19-ին` «Սարգիս Մուրադյան» պատկերասրահում  նախատեսվում է  անցկացնել բարեգործական աճուրդ,  որի լոտերի թվում են լինելու Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստների  ստորագրությամբ մարզաշապիկները `«Օգնել Գյումրու անօթևաններին» կոչով:
««Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի ներկայացուցիչ Սենիկ Կարապողոսյանը մեզ  է տրամադրել ակումբի 2009 թվականի դրոշը /երբ ակումբը նվաճեց բոլոր հնարավոր ու անհնար տիտղոսները Tert.am/  Մեսսիի, Չավիի և  այլ   աստղերի ստորագրություններով»,-տեղեկացրեց նախաձեռնության անդամը:


Լոտերի ցանկում են  ֆուտբոլիստներ  Յուրա Մովսիսյանի, Հենրիխ Մխիթարյանի մարզաշապիկները, Արսեն և Լևոն Ջուլֆալակյանների մարզակոշիկները, Տիգրան Համասյանի վերնաշապիկը և այլն: Կան նաև Ռուդ Վան Նիստելռոյի և Ջերարդո Գատուզոյի ստորագրություններով վերնաշապիկները, ինչպես նաև՝ Տիգրան Համասյանի ու Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին մարզիչ Վարդան Մինասյանի վերնաշապիկները:


Ակցիայի կազմակերպիչները, ըստ Արեն Մկրտչյանի, նշեցին, որ պատկերացում չունեն լոտերի մեկնարկային գների մասին և խնդրեցին այն կազմակերպությունների օգնությունն ու աջակցությունը, ովքեր բարեգործական ակցիաներ անցկացնելու փորձ ունեն:

Գյումրիի անօթևանների խնդրի լուծմանը միացել են Մադրիդի «Ռեալը», «Բարսելոնան», Ազնավուրը, հայ լեգենդար մարզիկներ