Դավութօղլուն մեկնում է Իրան՝ երկրի ղեկավարության հետ տարածաշրջանային հարցեր քննարկելու

09:27 • 04.03.16

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն այսօր երկօրյա այցով մեկնում է Թեհրան: Ակնկալվում է, որ այսօր կկայանա նրա բանակցություններն Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի հետ, տեղեկացնում է ТАСС-ը:

 

«Մերձավոր Արևելքում երկու խոշոր խաղացողների պաշտոնյաների հանդիպման ընթացքում քննարկվելու են տարածաշրջանային հարցեր՝ հիմնականում Սիրիայում իրավիճակի զարգացումը՝ Ժնևում մարտի 9-ին կայանալիք խաղաղ բանակցություններին ընդառաջ»,- գրում է «Թասնիմ» գործակալությունը:

 

Սիրիայի հակամարտության կարգավորման հարցում Թեհրանն ու Անկարան տարբեր հայացքներ ունեն:

 

«Իրանը Ռուսաստանի հետ աջակցում է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին, մինչդեռ Թուրքիան նրա ամենաբացահայտ քննադատներից է: Թուրքիան սերտ կապեր ունի Սաուդյան Արաբիայի հետ, որը խզել է իր դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ»,-նշվում է իրանական IRNA գործակալության հաղորդագրության մեջ:

 

«Թուրքիան աջակցում է նախագահ Բաշար ալ-Ասադի հակառակորդներին ու պնդում է, որ նա տեղ չունի Սիրիայի ապագայում: Իրանը հայտարարում է, որ Ասադի ճակատագիրը պետք է վճռի սիրիացի ժողովուրդն ու աջակցում է կառավարական զորքին ու նրա դաշնակիցներին, որոնք կռվում են ահաբեկիչների դեմ»,-ընդգծում է Press TV հեռուստաընկերության կայքը:

Դավութօղլուն մեկնում է Իրան՝ երկրի ղեկավարության հետ տարածաշրջանային հարցեր քննարկելու