Օբաման հայտնել է, որ պաշտոնը լքելուց հետո որոշ ժամանակ դեռ կապրի Վաշինգտոնում

09:45 • 04.03.16

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտնել է, որ 2017-ի հունվարին պետության ղեկավարի պաշտոնից հեռանալուց հետո մտադիր է ընտանիքի հետ ևս մի քանի տարի մնալ Վաշինգտոնում, փոխանցում է РИА Новости-ն։

 

«Մենք դեռևս չենք որոշել: Մենք պատրաստվում ենք մի քանի տարի մնալ, որպեսզի Սաշան (Օբամայի կրտսեր դուստրը) կարողանա ավարտել դպրոցը»,- ասել է նախագահը:

 

Օբամաների կրտսեր դուստրն այժմ 14 տարեկան է, նա սովորում է Sidwell Friends School-ում, այնուհետև պատրաստվում է ընդունվել քոլեջ:

 

Խոսելով այն մասին, թե որտեղ նա կցանկանար ապրել ընտանիքի հետ հետագայում, երկրի ղեկավարը նշել է, որ Հավային իր տունն է, քանի որ ինքն այնտեղ է ծնվել։ Սակայն, միևնույն ժամանակ, նա ասել է, որ 30 տարի անցկացրել է Չիկագոյում, և այդ քաղաքը հարազատ է իր կնոջ` Միշելի համար։ Այժմ Օբամաներն ապրում են Սպիտակ տանը:


 

Օբաման հայտնել է, որ պաշտոնը լքելուց հետո որոշ ժամանակ դեռ կապրի Վաշինգտոնում