ՌԴ-ն, Ֆրանսիան, Բրիտանիան, Իտալիան և Գերմանիան համատեղ կլուծեն սիրիական հարցը. նոր մանրամասներ հեռախոսազրույցից
Ռուսաստանի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի ու Իտալիայի ղեկավարները հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Սիրիայի հակամարտության հարցը, տեղեկացնում է gazeta.ru-ն։
«Բարձր գնահատական է տրվել ռուս-ամերիկյան պայմանավորվածություններին, որոնք ստացել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի աջակցությունը։ Գոհունակությամբ նշվել է, որ հրադադարի ռեժիմն ընդհանուր առմամբ պահպանվում է և առաջին դրական արդյունքներն է տալիս, և գլխավորը՝ հեռանկար է ստեղծում քաղաքական գործընթացների համար՝ ՄԱԿ-ի հովանու ներքո միջսիրիական երկխոսության հաստատման համար»,-ասված է հաղորդագրության մեջ:
Բացի այդ, առաջնորդներն աջակցության են հայտնել հակամարտության կարգավորման ճանապարհային քարտեզին: Նաև նշվում է, որ Սիրիայի իշխանությունների կողմից խորհրդարանական ընտրությունների անցկացումը չի խանգարի խաղաղ գործընթացի իրականացմանը։
Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել էր, որ Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի ու Իտալիայի առաջնորդները քննարկել են Սիրիայում իրավիճակը։










