Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը հետաքննում է ահաբեկչության հետքը դայակի կողմից երեխայի սպանության գործում. ԶԼՄ-ներ
Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը սկսել է հետաքննել չորսամյա երեխայի սպանության մեջ կասկածվող դայակ Գյուլչեխրա Բոբոկուլովայի կապը ահաբեկչական կազմակերպությունից անդամագրողների հետ: Այդ մասին հայտնում է РБК-ն՝ վկայակոչելով իր աղբյուրներին:
Հաղորդվում է, որ ճշտված տվյալներով՝ գերատեսչությունում ահաբեկչության մասին վարկածն առաջնային են համարում՝ ընդգծելով, որ դայակի գործողություններն անհրաժեշտ է որակել «ահաբեկչության» հոդվածով:
Հաղորդվում է նաև, որ այժմ ստուգում են ծայրահեղականների հետ Բոբոկուլովայի կապի հնարավորությունը: Բացի այդ, վարկած կա, որ նրա ամուսինը կարող էր լինել արգելված կազմակերպություններից մեկի անդամ:
Անվտանգության դաշնային ծառայությանը մոտ կանգնած աղբյուրներից մեկը նույնպես Բոբոկուլովային անվանել է «կենդանի ռումբ» և նշել, որ նրա հետ կարող էին աշխատել անդամագրողները:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Մոսկվայում երկուշաբթի առավոտյան 4-ամյա երեխային դաժանորեն գլխատած դայակը` Ուզբեկստանի 38-ամյա քաղաքացի Գյուլչեխրա Բոբոկուլովան, բացատրել է սարսափելի ոճրագործությանը դիմելու դրդապատճառը: «Ալլահը հրամայեց»,- ասել է նա:










