Բրիտանական երգիծական ամսագիրը 4-ամյա երեխային գլխատած դայակի ծաղրանկարն է հրապարակել
Բրիտանական Vive Charlie երգիծական ամսագիրն անդրադարձել է Մոսկվայում դայակի կողմից 4-ամյա երեխային դաժանորեն գլխատելու դեպքին` հրապարակելով մարդասպանի ծաղրանկարը:
Ինչպես նշում է lenta.ru-ն, ամսագրի շապիկին պատկերվել է ամբողջությամբ սևազգեստ դայակը` ձեռքին երեխայի գլուխը։ Ծաղրանկարը մակագրված է. «Ջիհադի դայակ. հնազանդվի՛ր կամ զգուշացի՛ր»:
Այս ծաղրանկարն արդեն քննադատվել է մի շարք ռուս պատգավորների կողմից: Մասնավորապես` Օլգա Բատալինան նշել է, որ ««եվրոպական արժեքների կրողները» չպետք է իրենց թույլ տային ծաղրել ողբերգական հանգամանքներում սպանված երեխային»։
Հիշեցնենք, որ Ուզբեկստանի բնակչուհի Գյուլչեխրա Բոբոկուլովան գլխատել էր 4-ամյա երեխային ու, գլուխը վերցրած, դուրս եկել փողոց: Հարցաքննություններից մեկի ժամանակ դայակն ասել էր, որ ինքն այդպես է վարվել «Ալլահի հրամանով»:










