Սիրիայի տարածքում գործող ահաբեկիչներին աջակցում են թուրքական իշխանությունները. Вести-ի ռեպորտաժը (տեսանյութ)

11:01 • 05.03.16

Հայտնվել են նոր ապացույցներ այն մասին, որ Սիրիայի տարածքում գտնվող ահաբեկիչներին աջակցում են թուրքական իշխանությունները։ Russia Today հեռուստաալիքի նկարահանող խումբը կարողացել է առաջիններից մեկը մտնել գրոհայիններից ազատագրված սահմանամերձ Աֆրին քաղաքի թաղամասեր։ Լրագրողները տեսել են, թե ինչպես են ահաբեկիչները նահանջում՝ թուրք զինվորականների օգնությամբ, ասվում է ռուսական Вести հեռուստաալիքի պատրաստած ռեպորտաժում։

 

Սիրիական Աֆրինը գլխավոր ապացույցն է «Ջեբհաթ ան- Նուսրա» ահաբեկչական խմբավորման գրոհայինների հետ թուրքական իշխանությունների ունեցած հնարավոր կապի մասին, ասվում է ռեպորտաժում։  Հենց այս քաղաքի ազատագրումից հետո ակնհայտ դարձավ, որ ահաբեկիչների ճամբարները գտնվում են թուրք զինվորականների տեղակայման վայրերից մոտ հեռավորության վրա։ Լրագրողները դա ապացուցող կադրեր են արել։

 

Հաղորդվում է, որ «Ջեբհաթ ան-Նուսրայի» ահաբեկիչները թաքցրել են իրենց դրոշների մեծ մասը՝ ավիահարվածներից խուսափելու համար, քանի որ երկրում հրադադարի մասին համաձայնագրում այս խմբավորումը ներառված չէ։ «Սակայն մենք կարող ենք տեսնել 3 դրոշ, որոնք ծածանվում են խմբավորման դիրքերին շատ մոտ հեռավորության վրա»,- ասվում է ռեպորտաժում։

 

Թուրքիայի դրոշներն այստեղ «հարևանություն» են անում ահաբեկչական խմբավորումների դրոշների հետ։

 

Թուրքիայի հետ սահմանին է գտնվում սիրիական Ազազ քաղաքը։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է Թուրքիայից Բաբ էլ Սալյամ անցակետով ավտոտրանսպորտի մեծ հոսք ուղևորվում քաղաքի կողմը։
 

«Գրեթե ամեն օր Թուրքիայից զենքերով ու այլ նյութերով բեռնատարներ են ուղևորվում բացառապես այն տարածքներ, որոնք գտնվում են «Ջեբհաթ ան-Նուսրա» և «Ահրար աշ-Շամ» խմբավորումների ենթակայության տակ»,- ասել է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման հարցերով ռուսական համակարգման կենտրոնի ղեկավար Սերգեյ Կուրալենկոն։

 

Քիչ հեռու գտնվող փոքր բնակավայրում, ինչպես պատմում են քրդական ինքնապաշտպանության ջոկատների մարտիկները, տեղակայված են «Ջեբհաթ ան- Նուսրայի» ուսումնամարզական ճամբարները։ Ճամբարները գործում են հենց թուրք զինվորականների աչքի առաջ։ Միևնույն ժամանակ, Անկարան շարունակում է ակտիվորեն ավելացնել իր ռազմական ներկայությունը սահմանամերձ բնակավայրերում։


 

Սիրիայի տարածքում գործող ահաբեկիչներին աջակցում են թուրքական իշխանությունները. Вести-ի ռեպորտաժը (տեսանյութ)