Իրանցի միլիարդատերը կբողոքարկի նավթի ապօրինի վաճառքի համար կախաղան բարձրացվելու վճիռը
Իրանցի միլիարդատեր Բաբակ Զանջանին, ով մահվան է դատապարտվել նավթի վաճառքից ստացած եկամուտները յուրացնելու համար, մտադիր է բողոքարկել դատավճիռը։ Այդ մասին իրանական լրատվամիջոցներին ասել է նրա փաստաբան Ռասուլ Քուփայեզադեն, հաղորդում է interfax.ru-ն։
Ավելի վաղ հաղորդվել է, որ Իրանի ամենահարուստ բնակիչներից մեկը` միլիարդատեր Բաբակ Զանջանին, ինչպես նաև նրա 2 օգնականները դատապարտվել են մահապատժի` մեղադրվելով կաշառակերության համար:
Իրանի իսլամական դատարանը եռյակին մեղավոր է ճանաչել նավթի ապօրինի վաճառքի գործով։ Հայտնի է, որ միլիարդատերը, շրջանցելով արևմտյան պատժամիջոցները, վաճառել է 3 մլրդ դոլարի իրանական նավթ:
Իրանցի միլիարդատիրոջ դեմ, ում կարողությունը 13,5 միլիարդ դոլար է գնահատվում, ներկայացվել են մի շարք հոդվածներով մեղադրանքներ, այդ թվում՝ կոռուպցիայի, որի համար իսլամական հանրապետությունում մահապատիժ է նախատեսված։ Աղբյուրը մանրամասնում է, որ Զանջանիի ու նրա 2 օգնականների մահապատիժն իրականացվելու է կախաղան բարձրացվելու միջոցով։
BBC-ի հաղորդմամբ՝ Զանջանին Մահմուդ Ահմադինեժադի նախագահության օրոք Դուբայում իր հոլդինգի միջոցով օգնել է իրանական իշխանություններին նավթ վաճառել՝ շրջանցելով միջազգային պատժամիջոցները: Bloomberg գործակալության տվյալներով՝ Զանջանին այդ և այլ ծառայությունների համար 1,5 միլիարդ եվրո է ստացել Ահմադինեժադի կառավարության մեջ մտնող պաշտոնյաներից։










