ԱՄՆ-ն սկսել է Սիրիայում երկրորդ ավիաբազայի շինարարությունը
Միացյալ Նահանգները փաստացիորեն ավարտել են մեկ և սկսել են երկրորդ ավիաբազայի կառուցումը Սիրիայի հյուսիսում՝ քրդերի հսկողության տակ գտնվող տարածքներում, հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով BasNews քրդական կայքը:
ԶԼՄ-ների տվյալներով՝ ավիաբազաները կլինեն երկակի նշանակության: Դրանք կիրականացնեն ինչպես քաղաքացիական, այնպես էլ ռազմական նպատակներ: ԱՄՆ կենտրոնական հրամանատարության ներկայացուցիչը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները իրենց հսկողության տակ չեն վերցրել Սիրիայում որևիցե օդանավակայան:
«Սիրիական դեմոկրատական ուժեր» քրդական խմբավորման մեջ լրատվամիջոցի ռազմական աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ ավարտվել է թռիչքուղու վրա աշխատանքների մեծ մասը Ռմեյլան քաղաքում, որտեղ գտնվում է առաջին ավիաբազան: Միևնույն ժամանակ՝ նրա խոսքերով՝ իրականացվում է Քոբանիից հարավ-արևելք՝ Թուրքիայի հետ սահմանին երկրորդ ավիաբազայի ստեղծումը:










