Սիրիական ընդդիմությունը համաձայնել է միջսիրիական բանակցությունների վերսկսմանը
Բանակցային հարցերով սիրիական բարձրագույն հանձնաժողովի ներկայացուցիչ Ռիադ Նասան Աղին տեղեկացրել է, որ հանձնաժողովը մտադիր է մասնակցել սիրիական հակամարտության խաղաղ կարգավորման հարցի վերաբերյալ Ժնևում կայանալիք բանակցություններին։
Աղին Reuters գործակալությանը մանրամասնել է, որ Սիրիայի կառավարության ու ընդդիմության միջև կայանալիք բանակցությունների շրջանակում իրենք կցանկանային քննարկել երկրում քաղաքական անցման գործընթացի մեկնարկը։
«Մենք հակված ենք բանակցություններին մասնակցելուն»,-նշել է Աղին` հավելելով, որ վերջին 2 օրվա ընթացքում զգալի կրճատվել են Սիրիայի իշխանությունների ու նրա դաշնակիցների կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը։
Ընդդիմության ներկայացուցիչը նաև հույս է հայտնել, որ առաջիկա օրերին հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը զրոյական կլինեն։ Աղիի կարծիքով՝ այդ դեպքում միջսիրիական բանակցությունների անցկացման համար «բարենպաստ պայմաններ կստեղծվեն»։










