Թուրքիայի և ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները Սիրիայի մոտակայքում գաղտնի համակարգման կենտրոն են ստեղծել. The Washington Post
Թուրքիան խորացրել է համագործակցությունը Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) և ԱՄՆ-ի այլ հատուկ ծառայությունների հետ՝ ստեղծելով համատեղ գաղտնի համակարգման կենտրոն։ Այդ մասին գրում է The Washington Post-ը։
Անցած տարվա ընթացքում Թուրքիան մասշտաբային աշխատանք է սկսել իր տարածքով ահաբեկիչների տարանցման դեմ պայքարի ուղղությամբ: Ընդլայնվել են կոմպետենտ ծառայությունների լիազորություններն ԻՊ-ին անդամակցության համար կասկածվող փախստականներին վերահսկելու համար։
Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ջոն Բրենանը բազմիցս այցելել է Անկարա, վերջին անգամ հունվարին՝ ահաբեկչության դեմ պայքարի հարցերով խորհրդակցությունների համար։
Թերթը նշում է, որ երկու երկրների հատուկ ծառայությունների համագործակցությունը դուրս է գալիս ահաբեկչության դեմ համատեղ սովորական պայքարի շրջանակներից։ Թուրք պաշտոնյաների համաձայն՝ ամերիկյան անօդաչու սարքերը կանոնավոր չվերթներ են իրականացնում դեպի Սիրիայի տարածք՝ Թուրքիայում գտնվող «Ինջիրլիք» ավիաբազայից։










