Ֆրանսիայի ԱԳՆ-ն քննադատել է Թուրքիայի իշխանություններին Zaman ընդդիմադիր թերթը «զավթելու» համար
Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Մարկ Էյրոն իր դժգոհությունն է հայնել թուրքական Zaman ընդդիմադիր թերթի նկատմամբ հսկողություն սահմանելու Թուրքիայի իշխանությունների որոշման առնչությամբ, հաղորդում է Reuters գործակալությունը։
Էյրոն նշել է, որ Թուրքիայի նման պահվածքն անընդունելի է և հակասում է եվրոպական արժեքներին։
«Դա անընդունելի է: Չի կարելի ցանկանալ մոտ լինել եվրոպական չափանիշներին և, միևնույն ժամանակ, չհարգել ԶԼՄ-ների բազմակարծությունը։ Դա ակնհայտ է, և մենք հստակ դա հասկացնել ենք տվել թուրքերին»,- ասել է Էյրոն։
Ավելի վաղ Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը հայտարարել է, որ Zaman ընդդիմադիր թերթի դեմ թուրքական իշխանությունների գործողությունները կլինեն Բրյուսելում մարտի 7-ին բացվող ԵՄ-Թուրքիա վեհաժողովի օրակարգում։
Հիշեցնենք, որ Ստամբուլի 6-րդ քրեական դատարանը, քաղաքի դատախազության ներկայացրած դիմումի հիման վրա, հոգաբարձուներ է նշանակել լրատվամիջոցի կառավարումը ստանձնելու համար։
«Այսօր Թուրքիայում մենք ականատես ենք լինում մամուլի ազատության ամոթալի օրվան»,- ասել է պարբերականի գլխավոր խմբագիրը:
Ոստիկանությունը ջրցան մեքենաների և արցունքաբեր գազի միջոցով ուրբաթ երեկոյան ցրել է խմբագրության շենքի մոտ հավաքված ցուցարարներին։ Դրանից հետո ոստիկանները ներխուժել են խմբագրության շենք՝ այնտեղից դուրս հանելով աշխատակիցներին։










