ԱՄՆ-ն կարևորում է ՌԴ-ի կողմից Սիրիայի կառավարության վրա ճնշում գործադրելը, բայց քննադատում է Ասադին ցուցաբերված աջակցությունը
ԱՄՆ-ի ղեկավարությունը կարևորում է Ռուսաստանի հետ համատեղ աշխատանքի կազմակերպման հաջողությունները Սիրիայում հրադադարի ռեժիմի հաստատման հարցում և գնահատում է ռուսական ղեկավարության ազդեցությունը սիրիական կառավարության վրա։
ԱՄՆ-ն, սակայն, շարունակում է դատապարտել Ռուսաստանին՝ Բաշար ալ-Ասադի ռեժիմին աջակցելու և Սիրիայում խաղաղ բնակչության դեմ ավիահարվածներ իրականացնելու համար։ Այդ մասին, ինչպես հայտնում է gazeta.ru-ն, հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Սամանթա Փաուերը։
«Դրանում մեծ հեգնանք կա. «Ռուսաստանը հայտարարում է, թե պայքարում է «Իսլամական պետության» դեմ, սակայն մենք բոլորս գիտենք, որ նա հարվածներ է հասցնում ԻՊ-ի դեմ պայքարող ուժերին։ Մեր հույսն է, որ հրադադարի ռեժիմը նոր փուլ բացի, որը կնպաստի ԻՊ-ի դեմ պայքարին ու իրավիճակի քաղաքական լուծում գտնելուն»,-ասել է նա։
Դրան զուգահեռ՝ Փաուերը կարևորել է Ռուսաստանի կողմից Սիրիայի իշխանություններին ճնշելը, ինչը թույլ է տվել մարդասիրական օգնություն հասցնել երկրի շրջափակված շրջաններ։










