Ֆրանսիայում գործադուլի պատճառով մի շարք ուղղություններով գնացքների երթևեկությունը չեղյալ է հայտարարվել
Ֆրանսիայում չորեքշաբթի անցկացվող տրանսպորտային ընկերությունների գործադուլի պատճառով չեղյալ է հայտարարվել ֆրանսիական երկաթգծերի մի շարք ուղղություններով գնացքների երթևեկությունը, հաղորդում է BFMTV հեռուստաալիքը։
Երկրի հյուսիսի և հարավ-արևելքի, ինչպես նաև Ատլանտյան ափի ուղղությամբ ուղարկվում է միայն յուրաքանչյուր երրորդ գնացքը:
Չեղյալ է հայտարարվել նաև Ֆրանսիայի և հարևան երկրների միջև երթևեկող գնացքների երթևեկությունը։
Չորեքշաբթի օրն ուղևորներին կրկնակի ավելի դժվար կլինի երթևեկություն իրականացնել Lyria գնացքով. Ֆրանսիա-Շվեյցարիա ուղղությամբ 10 գնացքներից աշխատելու է միայն հինգը: Ինչ վերաբերում է Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Բելգիայի միջև երթևեկող Eurostar գնացքներին, ապա այսօր չեղյալ է հայտարարվել տասը գնացքից երկուսը:
Գործադուլը, որը միաժամանակ անցկացնում են SNCF-ն (Ֆրանսիական երկաթուղային գծեր) և ֆրանսիական մայրաքաղաքի RATP տրանսպորտային ընկերությունը, դժվարացրել է քաղաքացիների տեղաշարժը Փարիզում: Մասնավորապես՝ մի շարք մերձքաղաքային գծերում, որոնք անցնում են մայրաքաղաքով, չեղյալ են հայտարարվել մի շարք գնացքներ։
Ֆրանսիայի մայրաքաղաքում մետրոն աշխատում է նորմալ, իսկ վերգետնյա հասարակական տրանսպորտի երթևեկությունը միայն աննշան կերպով է խախտվել։
Գործադուլ անող ֆրանսիական երկաթուղիների աշխատակիցները հանդես են գալիս Ֆրանսիայի իշխանությունների կողմից առաջարկվող օրինագծի դեմ, որը կարող է վտանգի տակ դնել նրանց արձակուրդների տևողությունը, գիշերային հերթափոխերին աշխատանքից հետո հանգստի համար անհրաժեշտ ժամանակի տևողությունը և այլ արտոնություններ։










