ԱՄՆ-ն տեղեկացրել է Վրաստանին ԻՊ-ի ղեկավարներից մեկի հնարավոր ոչնչացման մասին
Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին հայտարարել է, որ ԱՄՆ-ն տեղեկացրել է նախարարությանն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ղեկավարներից մեկի՝ Վրաստանի քաղաքացի Թարխան Բատիրաշվիլիի հնարավոր ոչնչացման մասին, հաղորդում է РИА Новости-ն:
Վրաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը մեկնաբանել է Աբու Օմար աշ-Շիշանի անունով հայտնի Բատիրաշվիլիի հնարավոր ոչնչացումը: Նրա խոսքով՝ Բատիրաշվիլիի մահվան մասին վերջնական տեղեկատվություն նախարարությունը չունի և «սպասում է դրան հասարակության պես»:
«Մենք ակտիվ և արդյունավետ համագործակցում ենք ամերիկյան կառավարության հետ, և այն հայտնել է մեզ, որ նման ենթադրություն կա: Ցանկանում եմ ընդգծել, որ դա միայն ենթադրություն է»,- հայտարարել է նախարարը:
Ավելի վաղ Պենտագոնը հայտնել է մարտի 4-ին Բատիրաշվիլիին ոչնչացնելու նպատակով օդային հարված հասցնելու մասին: Պենտագոնի մամուլի քարտուղար Փիթեր Կուկի խոսքով՝ գործողությունն իրականացվել է սիրիական Հասաքե շրջանի Էշ-Շադադ քաղաքի շրջակայքում։










