Դատապարտյալը դժգոհում է՝ հանցակիցները ազատության մեջ են, իսկ ինքը շարունակում է կրել պատիժը
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում արդեն 1 տարի 7 ամիս իր պատիժը կրող դատապարտյալ Արթուր Միքայելյանն Tert.am-ի հետ զրույցում իր դժգոհությունը հայտնեց՝ իր հետ նույն հանցանքի՝ գոյության մեջ մեղադրվող մյուս երեք անձանցից երկուսը՝ Ջուլիետա Նազարեթյանը և Գայանե Գրիգորյանը, գտնվում են ազատության մեջ։ Արթուր Միքայելյանը տեղեկացրեց նաև, որ ինքը 2013թ-ին եղել է անչափահաս՝ 16 տարեկան:
«Ամբողջը գողությունը կազմակերպել են Ջուլիետա Նազարեթյանը և Գայանե Գրիգորյանը ու ինձ ներքաշել գործի մեջ: Ես մեկի տանից գողացել եմ «սեյֆ» ու չեմ իմացել, որ մեջը գումար կա: Ինձ ասել էին, որ ինչ-որ փաստաթղթեր կան մեջը ու դրանք են պետք: Ես անչափահաս եմ եղել, ներքաշել են գործի մեջ, հիմա ես նստած եմ, իրանք դուրսն են»,-ասաց նա:
Արթուր Միքայելյանը նաև տեղեկացրեց, որ Ջուլիետա Նազարեթյանը և Գայանե Գրիգորյանը դատապարտվել են անազատության ավելի քան 3.5 տարի ժամկետով: Այնուհետև վճիռը բողոքարկել են Վերաքննիչ և Վճռաբեկ դատարաններում, որոնցից առաջինը վճիռը թողել է անփոփոխ, իսկ երկրորդը՝ գործը վարույթ չի ընդունել:
«Իրենք կալանավորվելուց հետո գրավի դիմաց ազատ են արձակվել և մինչև հիմա գտնվում են դրսում: Ես այս հանգամանքով մի քանի ամիս դիմում-բողոք եմ ուղարկել ՀՀ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան գործը քննած դատավոր Մնացական Մարտիրոսյանին, սակայն պատասխան չեմ ստացել»,-ասաց նա:
Արթուր Միքայելյանը նշեց, որ պատրաստվում է նորից նամակ ուղարկել վերոնշյալ դատարան, ինչպես նաև Վճռաբեկ դատարան՝ պարզելու, թե ինչու են ազատության մեջ գտնվում իր հանցակիցները:
Նշենք, որ գործով 6 տարի ժամկետով անազատության մեջ է դատապարտվել նաև Գևորգ Թոքմաջյանը:










