Մակեդոնիան փակել է սահմանն անօրինական ներգաղթյալների համար
Մակեդոնիան «ամբողջությամբ» փակել է իր սահմանն անօրինական ներգաղթյալների համար: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ոստիկանությունում իր աղբյուրին:
Երեքշաբթի օրը Մակեդոնիա Հունաստանի տարածքից ներգաղթյալներ չեն ժամանել, նշում է գործակալությունը՝ վկայակոչելով ոստիկանության տվյալները:
Երեքշաբթի Սլովենիայի իշխանությունները հայտնել են, որ փակում են սահմանները ներգաղթյալների տարանցման իրականացման համար: Իր հերթին, Սերբիան հայտարարել է, որ Սլովենիայի որոշումը նշանակում է, որ ներգաղթյալների համար այսպես կոչված՝ «բալկանյան երթուղին» փակվում է: Սերբիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ երկիրը կփակի իր սահմանները Մակեդոնիայի և Բուլղարիայի հետ` գործող վիզաներ չունեցող բոլոր ներգաղթյալների և փախստականների համար:
ԵՄ 28 երկրների առաջնորդները և Թուրքիայի վարչապետը լույս երեքշաբթի համաձայնեցրել են վեց սկզբունք միգրացիոն համաձայնագրի համար, որը պետք է վերջ դնի դեպի Եվրամիություն Մերձավոր և Միջին Արևելքից «բալկանյան երթուղով» անօրինական ներգաղթին և թույլ տա վերականգնել Շենգենյան համաձայնագրի գործողությունը միության ներսում։










