Իսրայելի նախկին նախագահը պարգևատրել է սուպերմոդել Նաոմի Քեմփբլին (լուսանկարներ)
Իսրայելի նախկին նախագահ Շիմոն Պերեսը Կանանց միջազգային օրվա առթիվ հանդիպել է աշխարհի լավագույն մոդելներից մեկի` Նաոմի Քեմփբլի հետ` նրան հանձնելով Women Leading Change («Փոփոխություններ իրագործող կանայք») մրցանակը:
Ինչպես նշում է The Jerusalem Post պարբերականը, նախկին նախագահն ու «սև հովազը» հանդիպել են Երուսաղեմի Պերեսի անվան խաղաղության կենտրոնում, որտեղ էլ կայացել է մրցանակի հանձնման արարողությունը:
Հայտնի է, որ սուպերմոդելն իր բազմամյա կարիերայի ընթացքում զգալի ավանդ է ներդրել ամենատարբեր բնագավառներում կանանց իրավունքների առաջխաղացման ու գենդերային հավասարության հաստատման գործում:
«Այն աշխարհը, որում խտրական վերաբերմունք կա կանանց նկատմամբ, չի կարող ապագա ունենալ: Կանայք մեր ապագան են, մենք նրանցից շատ բան ունենք սովորելու»,-նշել է Պերեսը, ով տարիներ շարունակ զբաղվել է կանանց իրավունքների պաշտպանության ու գենդերային հավասարության հարցերով:










