Սեռով պայմանավորված հղիության ընդհատման ցուցանիշներում կա կայունացում, ինչն ուրախալի է. պաշտոնյա
Պետք է տարվի կնոջ դերի բարձրացման ամենօրյա աշխատանք: Այս մասին այսօր հայտարարեց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը «Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքարի» ծրագրի խորհրդատվական հանձնաժողովի նիստի ընթացքում:
«Բավական երկար ժամանակ է՝ մենք խոսում ենք սեռով պայմանավորված հղիության ընդհատման մասին։ Այսօր, իսկապես, առաջին անգամ է, որ որոշակի արդյունքներ պետք է ամփոփենք, կարողանանք հասկանալ՝ որքանով էր արդյունավետ մեր աշխատանքը: Առողջապահության նախարարության թվերով, որոնք վիճակագրական ծառայությունից են, տեսնում ենք, որ այս հարցում կա որոշակի ստաբիլացում: Նույնիսկ այն ծանր թվերը, որ մենք ունեինք երրորդ երեխայի շրջանակներում, նվազել են: Սա շատ ուրախալի փաստ է»,- նշեց առողջապահության փոխնախարարը:
Սերգեյ Խաչատրյանը հայտնեց, որ նախատեսվում են օրենսդրական որոշակի փոփոխություններ, որոնք միտված են նվազեցնել՝ հղիության սեռով պայմանավորված ընդհատումները:
«Կլինեն փոփոխություններ, որով դեկլարատիվ արդեն կարգելվի սեռով պայմանավորված արհեստական ընդհատումը, ինչպես նաև ուզում ենք ամրագրել սպասելու ժամանակը, երբ հղիության ընդհատման համար կնոջ կողմից գրավոր ցանկությունից հետո կտրվի երեք աշխատանքային օր՝ սպասելու համար, որպեսզի կինը մտածելու ժամանակ ունենա մինչև վերջնական որոշում կայացնելը»,- շեշտեց Խաչատրյանը:
Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ֆիլարետ Բերիկյանն էլ իր հերթին ասաց, որ քաղաքացիական հասարակության և պետական կառույցների ջանքերի համադրմամբ հաջողվել է հասարակական ընկալման մեջ բավական լուրջ փոփոխություն մտցնել՝ սեռով պայմանավորված ընդհատումների հարցում:
«Ինքս իմ շրջապատով եմ սա տեսնում։ Համոզիչ փաստարկներով հնարավոր է ներկայացնել խնդիրը, ու մարդիկ հասկանում են: Սեռով պայմանավորված աբորտները ես համարում եմ գենդերային բռնության տեսակ»,- ասաց Ֆիլարետ Բերիկյանը՝ շեշտելով, որ այս բոլոր հարցերը կստանան նաև տարբեր օրենսդրական լուծումներ:










