Կիևը պատրաստ է խզել Մոսկվայի հետ դիվանագիտական հարաբերությունները. Независимая Газета
Ուկրաինայի Գերագույն ռադայի տարբեր խմբակցություններից մի խումբ պատգամավորներ Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու վերաբերյալ օրինագիծ են մշակում, գրում է Независимая Газета-ն:
Նախատեսվում է, որ փաստաթուղթը կգրանցվի մարտի 14-15-ին: Դրա քննարկումը հավանաբար կհամընկնի ուկրաինացի զինծառայող Նադեժդա Սավչենկոյի նկատմամբ դատավճռի կայացման հետ։
Հիշեցնենք, որ ուկրաինացի զինծառայող Սավչենկոն հացադուլ էր հայտարարել մարտի 3-ին: Ռուս քննիչները նրան մեղադրում են 2014 թվականին Ուկրաինայի Լուգանսկի շրջանում ռուս լրագրողների մահվանը ներգրավվածության համար։ Ինքը՝ Սավչենկոն հերքում է իր մեղքը: Նրա պաշտպանությունը պնդում է, որ զինծառայողը պատանդ է ընկել ավելի վաղ, քան մահացել են ռուս լրագրողները: Բացի այդ՝ Սավչենկոն հայտարարում է, որ իրեն Ռուսաստանի տարածք են տարել բռնի կերպով:
Նախօրեին բոլոր խոշոր ուկրաինական քաղաքներում ուկրաինացի օդաչուին աջակցող ակցիաներ են անցկացվել։ Կիևում մի քանի հարյուր մարդ է հավաքվել Անկախության մայդանում և ՌԴ դեսպանատան դիմաց՝ պահանջելով ազատ արձակել Սավչենկոյին։
Ուկրաինական հասարակությունում ճնշող մեծամասնությունն օդաչուին ազգային հերոս է համարում: Ռուսական Դոնեցկում (ՌԴ տարածքում) նրա նկատմամբ դատական գործընթացին ուշադիր հետևում են բոլոր ԶԼՄ-ները:
Քանի որ ուկրաինական իշխանության ջանքերը մինչև հիմա հաջողություն չեն գրանցել, Ուկրաինայում հարց է առաջացել Ռուսաստանի հետ ուղիղ դիվանագիտական երկխոսության պահպանման նպատակահարմարության մասին: Եվ հնչել են դիվանագիտական հարաբերությունների խզման մասին պահանջներ:










