Նյու Յորքում օդի ջերմաստիճանի ռեկորդ է գրանցվել

09:35 • 10.03.16

Նյու Յորքում չորեքշաբթի օդի ջերմաստիճանի ռեկորդ է սահմանվել: Օրվա կեսին օդը Մանհեթենի Կենտրոնական այգում հասել է մինչև 25 աստիճան, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը` հղում անելով ԱՄՆ-ի Ազգային օդերևութաբանական ծառայությանը:


Այսպիսով, գերազանցվել է առավելագույն ջերմաստիճանը, որը գրանցվել է 2000թ. մարտի 9-ին, երբ ջերմաչափի սլաքը բարձրացել է մինչև 20.6 աստիճան:


Համաձայն եղանակային կանխատեսումների, մարտի սկզբի համար անսովոր տաք եղանակը կպահպանվի ևս մի քանի օր: Նշվում է, որ հինգշաբթի կարող է ևս մեկ ջերմաստիճանային ռեկորդ սահմանվել, թեև հնարավոր է կարճատև անձրև:


Տաք եղանակը հասել է Նյու Յորքի հարևան նահանգներ: Օրինակ, Բոստոնում օդի ջերմաստիճանը տաքացել է մինչև ռեկորդային 25 աստիճան, իսկ Նյուարքում եղել է ավելի քան 27 աստիճան:

 

Նյու Յորքում օդի ջերմաստիճանի ռեկորդ է գրանցվել