Եվրամիությունում զարհուրած են Թուրքիայի պահանջներից. The Financial Times

12:58 • 10.03.16

Միգրացիոն ճգնաժամի հաղթահարման վերաբերյալ Եվրամիության վերջին պլանը հենվում է Անկարային տրվելիք մեծ խոստման վրա, որը կարող է անհնարին լինել իրականացման համար, այն է՝ 75 միլիոն թուրքերի համար առանց վիզայի մուտք Եվրոպա, գրում է The Financial Times-ը։

 

Այն բանից հետո, երբ եվրոպացի առաջնորդները սկսեցին Թուրքիայի օգնությունը խնդրել միգրացիոն ճգնաժամի հաղթահարման հարցում, երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր ցանկությունների ցուցակում վիզայի արտոնությունները դրեց ամենավերևի հորիզոնականում:

 

Երկուշաբթի օրը հաստատվել է միգրացիոն ճգնաժամի հաղթահարման նախնական գործարքի պլանը, որը պետք է հունիսին արդեն առանց վիզայի ճանապարհ հարթի Թուրքիայի համար: Այս խոստումն առաջացրել է եվրոպացի աջ քաղաքական գործիչների վրդովմունքը, ովքեր պնդում են, որ ԵՄ-ն ճանապարհ է բացել մահմեդական ներգաղթյալների համար դեպի Եվրոպա:

 

Մինչ Թուրքիայի հանձնառությունը՝ իր տարածք վերադարձնել Հունաստան հասնող բոլոր ներգաղթյալներին, կախված է վիզայի վերաբերյալ որոշումից, ԵՄ բազմաթիվ բարձրաստիճան դիվանագետներ կարծում են, որ Եվրոպան չի կատարի գործարքի իր հատվածը:

 

Անկարայում ակնկալիքներն ավելանում են, մինչ քաղաքական որոշման պահը մոտենում է: «Սա վատ ավարտ և վատ հետևանքներ կունենա անգամ միգրացիոն գործարքի շրջանակից դուրս»,- ասել է ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան:

 

Թուրքիան միակ երկիրն է, որը գտնվում է ԵՄ-ին անդամակցության թեկնածուների ցանկում, սակայն այդպես էլ չի ստացել Եվրամիության հետ առանց վիզայի ռեժիմ, հիշեցնում է լրատվամիջոցը:

 

Եվրոպայում քաղաքական գործիչներն արդեն հանդես են գալիս այդ առաջարկի դեմ, խռովությունն ակնհայտ է նաև Եվրոպական խորհրդարանում, որը պետք է հաստատի վիզայի որոշումը:

 

Անցած շաբաթ Եվրոպական հանձնաժողովը գտել է, որ Թուրքիան դեռ չի իրագործել իր առջև դրված նպատակների կեսը: Այնուամենայնիվ, երկուշաբթի օրվա նախնական գործարքից հետո շատերը մտավախություն ունեն, որ օբյեկտիվ գործընթացը ոչնչացված է:

 

Սակայն, անգամ եթե Եվրահանձնաժողովն առաջարկ ներկայացնի մինչև մայիս, միայն մի քանի շաբաթ կմնա դրան դեմ անդամ երկրների միջև համաձայնության և Եվրոպական խորհրդարանի հաստատմանը հասնելու համար:

 

Բրյուսելում դիվանագետներն արդեն կատակում են, որ ԵՄ միգրացիոն ծրագիրն այնքան հավակնոտ է, որ այն կարող էր նաև «ընդգրկել իսրայելապաղեստինյան հակամարտությունը», եզրափակում է The Financial Times-ը։

 

Եվրամիությունում զարհուրած են Թուրքիայի պահանջներից. The Financial Times