Սան-Պաուլոում և դրա շրջակայքում 15 մարդ է մահացել ջրհեղեղի պատճառով
Առնվազն 15 մարդ է մահացել բրազիլական Սան-Պաուլո քաղաքում և դրա շրջակայքում ուժեղ անձրևներից հետո առաջացած ջրհեղեղների պատճառով: Այդ մասին հայտնել է հրշեջ ծառայության տեղի բաժնի մամուլի քարտուղար Մարկոս Պալումբուն, հաղորդում է ТАСС-ը:
Աղետի զոհերի թվում է չորս տարեկան մի աղջիկ, ում փրկարարները դուրս են հանել փլված տան ավերակների տակից:
Այժմ Սան-Պաուլոյի որոշ արվարձանների փողոցներն ամբողջությամբ ջրով են լցված, փրկարարներն այդ հատվածներում տեղաշարժվում են նավերով և օգնում են տեղի բնակիչներին իջնել տների տանիքներից:
Ուժեղ անձրևները սկսվել են Սան-Պաուլոյում հինգշաբթի օրը տեղի ժամանակով մոտ 16:30 և շարունակվել են մինչև առավոտ: Որոշ շրջաններում անձրևը մինչև հիմա չի դադարել: Անձրևների հետևանքով խափանվել է Սան-Պաուլոյի միջազգային օդանավակայանի աշխատանքը:










