Բնապահպանները մտահոգված են Երկրի լուսային աղտոտվածության պատճառով
Երկրագնդի շատ կետերում պայքար է գնում մարդկանց` աստղերի բնական լույսը վերադարձնելու համար, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: Բնապահպանները և ակտիվիստները կոչ են անում, որ անգամ մեծ քաղաքներում պետք է վայրեր լինեն առանց արհեստական լուսավորության:
Նշվում է, որ դա անհրաժեշտություն է, որին բախվել է մարդկությունը Երկրի լուսային աղտոտվածության հետևանքով՝ երևույթ, որը կարող է փոխել մեր երկրագնդի կենսաբանական բազմազանությունը:
Գյուղական Անգլիայի պաշտպանության նախաձեռնող խումբը պարզել է, որ Մեծ Բրիտանիայի տարածքի միայն 10 տոկոսում է գիշերային երկինքը բավականաչափ մութ անզեն աչքով աստղերը տեսնելու համար:
Բացի այդ, քաղաքների գիշերային լուսավորվածությունը բերում է էներգիայի անհարկի ծախսի և համաշխարհային ռեսուրսների սպառման: Գիշերային էլեկտրական լուսավորության ավելցուկը սպառնում է նաև երկրագնդի կենսաբանական բազմազանությանը:










