Կրեմլում ի գիտություն են ընդունել Պուտինի մասին Օբամայի կարծիքը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ծանոթացել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հարցազրույցին, որտեղ ԱՄՆ նախագահն իր գնահատականն է տվել ռուս գործընկերոջը։
Ինչպես նշել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը, ասված ամեն ինչ ի գիտություն է ընդունվել, հաղորդում է lenta.ru-ն:
«Ես չեմ կարող դեռ ձեզ պատմել նախագահի ինչ-որ արձագանքի մասին, հիմնական դրույթները զեկուցվում են նախագահին մամուլի տեսություններում»,- հայտնել է Պեսկովը:
Մարտի 10-ին The Atlantic պարբերականին տված հարցազրույցում Օբաման պատմել է, որ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինը հանդիպումների ժամանակ իրեն որպես անկեղծ և ճշտապահ քաղաքական գործիչ է պահում:
«Պուտինը բոլոր մեր հանդիպումներին իրեն ընդգծված քաղաքավարի և շատ անկեղծ է պահում: Մեր հանդիպումները կրում են շատ գործնական բնույթ: Նա երբեք ինձ չի ստիպում սպասել երկու ժամ, ինչպես դա անում են շատերը»,- ասել է Օբաման:
Նա վստահություն է հայտնել, որ իր ռուս գործընկերն ԱՄՆ-ի հետ հարաբերությունները շատ ավելի կարևոր է համարում, քան հակված են կարծել ամերիկացիները:










