Միջազգային լարվածության օջախներին մոտ լինելու հետևանքով Հայաստանը ՀԱՊԿ-ում զբաղեցնում է հատուկ տեղ. Սերգեյ Նարիշկին

14:55 • 11.03.16

 

Երևանում մեկնարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արտագնա նիստը, որը վարում է ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ,  ՀԱՊԿ ԽՎ-ի խորհրդի նախագահ Սերգեյ Նարիշկինը:


«Սա շարունակությունն է ձևավորված այն բարի ավանդույթի, որ մենք անցկացնում ենք մեր նիստերը պետություններում, որոնք նախագահում են ՀԱՊԿ-ը: Նմանատիպ հանդիպումներ մենք անցկացրել ենք Մինսկում, Բիշքեկում, Մոսկվայում, և ահա երկրորդ անգամ հանդիպում ենք Հայաստանի հյուրընկալ մայրաքաղաքում՝ Երևանում»,- ասաց նա՝ շնորհակալություն հայտնելով ՀՀ ղեկավարությանը ջերմ ընդունելության համար, ՀՀ արտաքին գործերի և պաշտպանության նախարարություններին՝ նստաշրջանի կազմակերպման համար:

 

Սերգեյ Նարիշկինի խոսքով՝ ՀԱՊԿ խորհրդարանական Վեհաժողովը որպես միջխորհրդարանական կառույց, միշտ ձգտում է օրենսդրական դաշտում նպաստել մեր պետությունների անվտանգության ամրապնդմանը՝ ժամանակակից և բավական ոչ հեշտ պայմաններում:

 

«Այսօր կարևորագույն հարց է միջազգային տեռորիզմի դեմ պայքարը, ինչը հատուկ ընդգծվեց մեր պետությունների նախագահների կողմից՝ վերջին գագաթաժողովի ժամանակ: Այսօր մեր հանդիպման օրակարգում ևս այս հարցը կենտրոնական կլինի»,- հավելեց ՌԴ պետական դումայի նախագահը:

 

Խոսելով ՀԱՊԿ-ի առջև ծառացած ներկայիս մարտահրավերներից, Նարիշկինը նշեց. «Դուք լավ գիտեք, որ փետրվարի 22-ին ընդունվեց Ռուսաստան Դաշնության և ԱՄՆ միջև համատեղ հայտարարություն՝ Սիրիայում ռազմական գործողությունները դադարեցնելու մասին: Այս փաստաթղթի նպատակն այն է, որ տրվի ազդակ՝ լուծելու սիրիական հակամարտությունը, այն էլ՝ քաղաքական միջոցներով: Այսօր հիմնականում պահպանվում է հրադադարը, ընթացքը տանում է նրան, որ միջազգային ջանքերը համատեղվեն այս բարբարոսական կազմավորումների դեմ, որոնք ունեն Իսլամական պետություն անունը և այլ ահաբեկչական խմբավորումների դեմ»:

 

Սերգեյ Նարիշկինը նաև շեշտեց, որ այս ճանապարհին պետք է հաղթահարել ոչ պակաս կարևոր խոչընդոտներ: Ըստ նրա՝ իրենց համար ոչ պակաս մտահոգիչ է սիրիական տարածքը Թուրքիայի կողմից կրակահերթի տակ պահելն ու Թուրքիայի կողմից այլ գործողություններ նախաձեռնելը, որոնք ապակայունացնում են առանց այն էլ պայթյունավտանգ տարածաշրջանը:

«Հայաստանը իր աշխարհագրական դիրքի և միջազգային լարվածության օջախներին մոտ լինելու արդյունքում զբաղեցնում է հատուկ տեղ Կազմակերպությունում, ուստի մենք պետք է հաշվի առնենք ՀՀ փորձը, այդ թվում՝ խորհրդարանական փորձը, անվտանգության ապահովման հարցում: Այս առումով կա գործողությունների հստակ փաթեթ, որոնք կնպաստեն մեր կազմակերպության ուժային բաղադրիչի ամրապնդմանը»,- ընդգծեց Սերգեյ Նարիշկինը՝ հայտնելով, որ վաղն իրենք այցելելու են  Երևանի «Էրեբունի» օդանավակայան և այս օրինակով ծանոթանալու Կովկասում մեր պաշտպանական հնարավորություններին:

 

Վերջում Սերգեյ Նարիշկինն ասաց նաև, որ ժամանակակից մարտահրավերին դիմակայելու համար ՀԱՊԿ-ը լայն հնարավորություն է տեսնում այլ միջազգային կառույցների հետ համագործակցության համար, իսկ մասնավորապես՝ եվրասիական համագործակցության:


 


 

Միջազգային լարվածության օջախներին մոտ լինելու հետևանքով Հայաստանը ՀԱՊԿ-ում զբաղեցնում է հատուկ տեղ. Սերգեյ Նարիշկին