Արտաշատում 5-րդ հարկից ընկած Շուշանիկը դարձյալ վիրահատության կարիք ունի
Մեկ տարի երեք ամիս առաջ 28-ամյա Շուշանիկն ընկել է Արտաշատ քաղաքի Երևանյան 11 շենքի 5-րդ հարկից ու հրաշքով ողջ մնացել: Ինչպես Tert.am-ի հետ զրուցում պատմեց նրա մայրը՝ Վարսիկ Մարտիրոսյանը, դեպքից հետո աղջիկը 1 ամսից ավելի գտնվել է «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, իսկ հետո պլաստիկ վիրահատության է ենթարկվել նրա դեմքը: Աղջիկն այսօր էլ ունի վիրահատության կարիք, սակայն դրանք հետաձգվում են ֆինանսական խնդիրների պատճառով:
«Պետք է վիրահատվի ձախ աչքը, որի վրա ընկել է: Հիմա լավ չի տեսնում, ավելի ճիշտ՝ երկակի է տեսնում ամեն ինչ: Բացի դրանից, պետք է ոտքը վիրահատվի: Դեպքից հետո կոտրված ոտքը երկար ժամանակ մնաց գիպսի մեջ, բայց համարյա չի կարողանում քայլել»,-ասաց նա և նշեց, որ մի կերպ են հոգում ընտանիքի կարիքները, դեղեր գնում:
Ինչպես պատմեց Շուշանիկի մայրը, աղջիկը 2015թ-ի հունվարի 2-ին պատշգամբից ընկել է սեղանի սփռոցը թափ տալու ժամանակ. բարձր ճնշման հետևանքով գլուխն է պտտվել:
«Մեր տարածքում նոր էին եկեղեցի կառուցել, ինձ թվում է, այդ եկեղեցու հրաշքն էր, որ իմ երեխան փրկվեց: Նրան շատ դժվարությամբ միայնակ եմ պահել, մեծացրել։ Աստված դա տեսել է, գիտի ու երեխայիս փրկեց»,-ասաց նա:
Նշենք, որ Շուշանիկն ունի փոքրիկ տղա երեխա, որին մեծացնում է միայնակ: Նա սեպտեմբերին դպրոց կգնա:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։










