Նռնակը պայթել է զինծառայողի գործողությունների արդյունքում. Քննչական կոմիտե

17:09 • 12.03.16

Առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ԼՂՀ ՊԲ ժամկետային զինծառայող, շարքային Սարգիս Օհանյանի մահվան դեպքի առթիվ: Ինչպես տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին, մարտի 11-ին` ժամը 15:45-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում, ժամկետային զինծառայող, շարքային Սարգիս Դավիթի Օհանյանն իրեն ամրակցված նռնակի պայթունի հետևանքով ստացած վնասվածքներից մահացել է:

 

Հանցագործության հետքեր, այլ նյութական օբյեկտներ հայտնաբերելու, ինչպես նաև դեպքի համար նշանակություն ունեցող մյուս հանգամանքները պարզելու նպատակով կատարվել են դեպքի վայրի, Սարգիս Օհանյանի դիակի արտաքին, դեպքի պահին նրա հագին եղած զրահաբաճկոնի և հագուստների զննումներ:

 

Դրանց արդյունքները բավարար հիմքեր են տվել ենթադրելու, որ նռնակը պայթել է Սարգիս Օհանյանի գործողությունների արդյունքում: Դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ինքնասպանության հասցնելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

 

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու համար։


 

Նռնակը պայթել է զինծառայողի գործողությունների արդյունքում. Քննչական կոմիտե