ԱՄՆ-ի ավելի քան 5 նահանգներում ջրհեղեղներ են (լուսանկարներ)
ԱՄՆ-ում` Մեքսիկական ծոցի ափերին, հորդառատ անձրևներ և հեղեղումներ են, որոնց հետևանքով արդեն 5 մարդ է մահացել, հայտնում է NBC News-ը։
Եղանակի ազգային ծառայությունը հայտնում է, որ շրջանում առաջիկա օրերին սպասվում են մինչև 13 սմ տեղումներ: Հեղեղումները պատուհասել են Լուիզիանա, Արկանզաս և Տեխաս նահանգների մեծ մասին:
Կազմակերպության մամուլի ծառայությունից հայտնել են, որ գետերի և լճերի վարարումները մշտական սպառնալիք կլինեն հաջորդ մի քանի օրերի և, հավանաբար, մյուս շաբաթվա ընթացքում:
Միայն Լուիզիանա նահանգում ավելի քան 3.500 մարդ է տարհանվել։ Տեղացի պաշտոնյաներն ասել են, որ Սաբինա գետը կարող է բարձրանալ մինչև 1884-ից ի վեր ամենաբարձր մակարդակը։ Հեղեղումների հետևանքով քշվել է ավտոճանապարհային կամուրջը Նոր Օռլեանի մոտակայքում:
Արտակարգ դրություն է հայտարարվել նաև Միսիսիպի, Թենեսի և Օկլահոմա նահանգներում:
















