ԱՄՆ քաղաքացիներին Անկարայի պայթյունից երկու օր առաջ նախազգուշացրել էին ահաբեկչության վտանգի մասին

11:24 • 14.03.16

Անկարայում պայթյունից երկու օր առաջ ԱՄՆ քաղաքացիներին նախազգուշացրել էին Թուրքիայի մայրաքաղաքում ահաբեկչության վտանգի մասին։ Ծանուցումը տեղադրվել է մարտի 11-ին Թուրքիայում ամերիկյան դեսպանատան կայքում, հաղորդում է lenta.ru-ն:

 

Հաղորդագրության մեջ ասվում էր Անկարայի կենտրոնական Բահչելիևլեր թաղամասի բնակելի և կառավարական շենքերի մոտակայքում ահաբեկչության հնարավորության մասին։ ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ էր տրվում չայցելել այդ թաղամաս։

 

ԱՄՆ իշխանությունները դեռ չեն պարզաբանել, թե արդյոք այդ նախազգուշացումը կապված է եղել նախապատրաստվող ահաբեկչության հետ:

 

Պայթյունը տեղի է ունեցել մարտի 13-ին՝ տեղի ժամանակով 18:45-ին, Թուրքիայի մայրաքաղաքի կենտրոնական ավտոբուսի կանգառում՝ վարչապետի գրասենյակներից մեկի մոտակայքում, երբ այնտեղ բազմաթիվ մարդիկ են եղել։

 

Նախնական տեղեկություններով՝ ականապատ ավտոմեքենան պայթել է՝ գտնվելով երկու ավտոբուսի մեջտեղում։ Այլ տվյալների համաձայն՝ մահապարտի ավտոմեքենան բախվել է ավտոբուսներից մեկին:

 

Ահաբեկչության հետևանքով մահացել է 34 մարդ, նրանցից մեկը կամ երկուսն ահաբեկիչներ են: Հիվանդանոց է տեղափոխվել 125 մարդ, 19 հոգի ծայրահեղ ծանր վիճակում է։

 

ԱՄՆ քաղաքացիներին Անկարայի պայթյունից երկու օր առաջ նախազգուշացրել էին ահաբեկչության վտանգի մասին