Էդուարդ Շարմազանովն ընդունել է Բելգիայի և Ֆլանդրիայի խորհրդարանականների պատվիրակությանը

15:14 • 14.03.16



ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մարտի 14-ին ընդունել է Բելգիայի և Ֆլանդրիայի խորհրդարանականների պատվիրակությանը, որը Հայաստան այցից հետո լինելու է նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում. տեղեկացնում է ՀՀ  ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։


Ողջունելով հյուրերին՝ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը բարձր է գնահատել հայ-բելգիական և հայ-ֆլանդրիական խորհրդարանականների դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում: Նա վստահություն է հայտնել, որ այս այցը ևս խթան կհանդիսանա՝ էլ ավելի զարգացնելու և խորացնելու բարեկամական հարաբերությունները:


ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը շնորհակալություն է հայտնել Ֆլանդրիայի խորհրդարանի փոխնախագահ Կարլ Վենլաուվեին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին և «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումին մասնակցելու և ելույթի համար, ինչպես նաև՝ Ֆլանդրիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ընդունման, Բելգիայի խորհրդարանին՝ Ցեղասպանության դատապարտման վերաբերյալ դիրքորոշման վերահաստատման համար: Կարևորելով ցեղասպանությունների դատապարտման հարցում երկակի ստանդարտների մերժումը և ցեղասպանությունների միջազգային դատապարտումը՝ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ չդատապարտվող ոճիրները, ինչպես ցույց է տվել անցած հարյուրամյակի պատմությունը, ծնում են նոր ոճիրներ: Նրա խոսքով՝ Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը սպառնալիք է ոչ միայն տարածաշրջանի, այլև ողջ մարդկության համար, ինչի վկայությունն են այսօր Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունները:


Էդուարդ Շարմազանովը շնորհակալություն է հայտնել պատվիրակության անդամներին՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելելու պատրաստակամության համար և այն համարել լավ առիթ՝ սեփական աչքերով տեսնելու զարգացող ժողովրդավարությունը: Նա վերահաստատել է, որ Հայաստանը ԼՂ հակամարտության կարգավորումը տեսնում է բացառապես խաղաղ ճանապարհով՝ հիմնված միջազգային երեք սկզբունքների՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի, տարածքային ամբողջականության և ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման վրա, որոնցից առաջին երկուսն Ադրբեջանը մշտապես մերժում է և խեղաթյուրելով խնդիրը՝ փորձում է տարբեր բանաձևեր անցկացնել տարբեր միջազգային կառույցներում:


Ֆլանդրիայի խորհրդարանի փոխնախագահ Կարլ Վենլաուվեն պատվիրակության անունից շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և տեղեկացրել, որ Լեռնային Ղարաբաղ այցելությունն ունի հստակ նպատակ. նախատեսվում է իրականացնել ծրագիր, ըստ որի ֆլամանդական և Ղարաբաղի մի շարք դպրոցներ կհամագործակցեն ու կիրականացնեն մի շարք աշխատանքներ: Ինչպես նշել է Կարլ Վենլաուվենը, դա կլինի բարեկամ Ֆլանդրիայի փոքրիկ քայլը՝ Ղարաբաղը դուրս բերելու շրջափակումից:


Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության հարցին՝ Ֆլանդրիայի խորհրդարանի փոխնախագահն իր և գործընկերների անունից կարևորել է մարդու իրավունքների պաշտպանությունը և այս համատեքստում՝ Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:


Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի, կարևորել սփյուռքահայության դերակատարությունը երկկողմ հարաբերությունների զարգացման հարցում: