Ընտրական օրենսգիրքը կընդունվի մինչև հունիսի 1-ը, սակայն ԿԸՀ ձևավորման նոր կարգը կգործի աշնանից

22:44 • 15.03.16

Թեպետ Ընտրական օրենսգիրքն ըստ սահմանված ժամանակացույցի պետք է ընդունվի մինչև հունիսի 1-ը, սակայն ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի ընտրությունը, համաձայն կազմավորման նոր սկզբունքի, տեղի կունենա աշնանը:

 

Tert.am-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց ԱԺ պետական-իրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը. «Ինքը Ընտրական օրենսգրքի մեջ չէ, այլ հարակից օրենսդրական փաթեթի»:

 

Նշենք, որ մամուլում կար տեղեկություն այն մասին, որ շրջանառության մեջ է դրվել ԿԸՀ ձևավորման նոր նախագիծ: Հովհաննես Սահակյանն այս առնչությամբ ասաց. «Նախագիծը, ամենայն հավանականությամբ, վերաբերում է Ընտրական օրենսգրքի փաթեթին, որտեղ կա նաև փոփոխություն ԱԺ կանոնակարգ-օրենքում, որը նաև առաջարկվող փոփոխությունների մեջ նախատեսում է կարգավորումը այն պահանջի, որ ԿԸՀ-ն նոր ձևով ձևավորվի»:

 

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 6-ի Սահմանադրական հանրաքվեով ուժի մեջ մտած սահմանադրական փոփոխություններով` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմը` նախագահն ու անդամները, ըստ սահմանված անցումային դրույթների, պետք է ձևավորվեն նոր սկզբունքով։  Ըստ Հովհաննես Սահակյանի, ըստ ամենայնի, նրանք ևս պետք է ընտրվեն այն սկզբունքով, ինչ Մարդու իրավունքների պաշտպանը: Այն է՝ նրա թեկնածությունն առաջադրվի ԱԺ պետաիրավական հանձնաժողովի կողմից, հանձնաժողովի անդամների քվեարկություն, առաջին, երկրորդ փուլ:

 

Ընտրական օրենսգիրքը կընդունվի մինչև հունիսի 1-ը, սակայն ԿԸՀ ձևավորման նոր կարգը կգործի աշնանից