Դոնալդ Թրամփը ներգաղթյալներին թունավոր օձի հետ է համեմատել
Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը ներգաղթյալներին համեմատել է իր նկատմամբ բարություն ցուցաբերող մարդուն կծող թունավոր օձի հետ, հաղորդում է The Independent-ը։
Թերթը հայտնում է, որ Օհայո նահանգի Յանգսթաունի օդանավակայանում ելույթի ընթացքում միլիարդատերը ևս մեկ անգամ ընդգծել է ներգաղթյալների նկատմամբ իր բացասական վերաբերմունքը։
Թրամփը հիշել է Ալ Ուիլսոնի երգերից մեկը, որի սյուժեի համաձայն՝ մի բարի կին օձ է գտնում և սկսում է հոգ տանել նրա մասին։ Արդյունքում՝ օձն առողջանում է և իրեն փրկած կնոջը սպանում իր թույնով։ Հարցին, թե ինչու է նա այդպես արել, օձը պատասխանում է. «Հիմա՛ր կին, դու գիտեիր, որ ես թունավոր եմ, երբ վերցնում էիր ինձ»: Քաղաքական գործչի կարծիքով՝ այդ համեմատությունը լավագույն կերպով ցույց է տալիս ներգաղթյալների հետ կապված իրավիճակը։
Բացի այդ, Թրամփը հայտարարել է, որ անհրաժեշտ է համարում երկու պատ կառուցել: Նրանցից մեկը հետ է պահելու ներգաղթյալներին ԱՄՆ-ի և Մեքսիկայի սահմանին, իսկ երկրորդը կտեղադրվի Սիրիայի տարածքում, որպեսզի թույլ չտրվի ահաբեկիչներին դուրս գալ երկրի սահմաններից։










