Սիրիայում կմնա մոտ 1000 ռուս զինծառայող. ռազմական աղբյուր

14:51 • 15.03.16

Սիրիայից ռուսական ավիախմբի դուրսբերումից հետո երկրում կմնա մոտ 1000 ռուս զինծառայող, այդ թվում` ռազմական խորհրդատուներ ու սպառազինությունների գծով մասնագետներ. այդ մասին Интерфакс գործակալությանը հայտնել է ռազմա-դիվանագիտական աղբյուրը։


Նա պատմել է, որ ռուս ռազմական խորհրդատուներ կան սիրիական կառավարական զորքերի գրեթե բոլոր կառույցներում։


«Ռուսական ավիատիեզերական ուժերի գործողության ավարտից հետո մարտական գործողությունների հիմնական ծանրությունը կընկնի զորքի վրա, և խորհրդատուների դերն ավելանում է»,-ասել է աղբյուրը։

 

Նա նաև հավելել է, որ բացի ռազմական խորհրդատուներից, Սիրիայում կմնան զինծառայողներ, որոնք կապահովեն ենթակառուցվածքները, ու մի շարք այլ մասնագետներ։

«Անխոս, խորհրդատուների մեծ մասն իր աշխատանքը կշարունակի Սիրիայի տարածքում նաև ռուսական զորքերի հիմնական մասի դուրսբերումից հետո»,-ասել է գործակալության զրուցակիցը։

 

Նշենք, որ ռուսական ինքնաթիռների արդեն երկու խումբ է լքել Սիրիայում «Հմեյմիմ» ավիաբազան։ Այդ մասին «Ռոսիա-24» հեռուստաալիքի եթերում հայտնել է ավիաբազայում գտնվող լրագրողը։

«Առաջին երկու խմբերն արդեն դուրս են եկել և թռչում են Ռուսաստանի ուղղությամբ»,- ասել է թղթակիցը:

Սիրիայում կմնա մոտ 1000 ռուս զինծառայող. ռազմական աղբյուր