Ասադի գրասենյակը մեկնաբանել է Սիրիայից ՌԴ զորքերի դուրսբերման մասին որոշումը
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի գրասենյակը հայտարարություն է տարածել, որտեղ հերքվում է ռուսական զորքի դուրսբերման մասին ՌԴ որոշման և Մոսկվայի ու Դամասկոսի միջև հակասությունների հնարավոր կապը, հաղորդում է Reuters գործակալությունը:
Հայտարարությունում ընդգծվում է, որ այդ քայլը համաձայնեցվել է սիրիական ղեկավարության հետ և որոշ ժամանակ ուսումնասիրվել է:
Ասադի գրասենյակի հայտարարությունում նշվում է, որ նրանք շատ հարցեր են ստացել Մոսկվայի հայտարարության վերաբերյալ, իսկ որոշ հաղորդումներում ենթադրություններ են հայտնվել այն մասին, թե «տեղի ունեցածը ցույց է տալիս Ռուսաստանի ու Սիրիայի միջև առկա հակասությունները, որոնք էլ հանգեցրել են ռուսական զորքերի հիմնական մասի դուրսբերման մասին որոշմանը»:
Սիրիայի նախագահի գրասենյակը «հաստատել է, որ ամեն ինչ տեղի է ունեցել ռուսական և սիրիական կողմերի միջև համակարգման արդյունքում, և դա քայլ է, որը մանրամասն ուսումնասիրվել է որոշ ժամանակ», ասված է հայտարարությունում:
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրահանգել է մարտի 15-ից սկսել դուրս բերել ռուսական զորքերը Սիրիայից:










