Թուրքիայի նախագահն առաջարկել է ընդլայնել «ահաբեկչություն» հասկացությունը

09:06 • 15.03.16

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ անհրաժեշտ է ընդլայնել «ահաբեկչություն» տերմինի իմաստը և ահաբեկիչ ճանաչել ոչ միայն ահաբեկչական ակտեր կատարողներին և ոգեշնչողներին, այլև բոլոր նրանց, ովքեր աջակցում են նման գործողություններին, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

Էրդողանի խոսքով՝ ոչ մի տարբերություն չկա «ձեռքին ատրճանակով կամ նռնակով ահաբեկչի և նրանց միջև, ովքեր իրենց հասարակական դիրքի կամ գրչի օգնությամբ» աջակցում են ահաբեկիչների նպատակներին:

 

Դա կարող են լինել լրագրողները, օրենսդիրներն ու տարբեր ակտիվիստներ, հավելել է Թուրքիայի նախագահը:

 

Կիրակի երեկոյան Թուրքիայի մայրաքաղաքում խոշոր ահաբեկչություն էր տեղի ունեցել։ Ականապատ ավտոմեքենան պայթեցվել էր ավտոբուսի մարդաշատ կանգառում։ Պայթյունի հետևանքով զոհվել էր 37, վիրավորվել՝ 125 մարդ։


Հաղորդվում է, որ ահաբեկիչները երկուսն են եղել, նրանցից մեկը՝ կին։

Հաղորդվում է, որ պայթեցված մեքենան գողացվել էր փետրվարի 10-ին՝ Շանլըուրֆա նահանգում։

 

Պայթյունի պատասխանատվությունը դեռ ոչ ոք չի ստանձնել, սակայն Թուրքիայի իշխանությունները պնդում են, որ պայթյունի վայրում հայտնաբերված ապացույցները միանշանակ ցույց են տալիս, որ այն իրականացվել է երկրում արգելված Քուրդիստանի աշխատավորական կուսակցության գրոհայինների կողմից։

 

Թուրքիայի նախագահն առաջարկել է ընդլայնել «ահաբեկչություն» հասկացությունը