Ամերիկացի տաքսիստը հայտարարել է, որ Uber հավելվածն է դրդել իրեն սպանություններ կատարել
Ամերիկացի տաքսիստ Ջեյսոն Դալթոնը, ով մեղադրվում է այս տարվա փետրվարին Միչիգան նահանգում 6 մարդու սպանության համար, հարցաքննության ընթացքում հայտարարել է, որ իրեն դրդել է հանցագործություն անել Uber տաքսի կանչելու հավելվածը, որը «տիրացել է իր հոգուն և մարմնին», փոխանցում է BBC-ն:
45-ամյա վարորդի խոսքով՝ հավելվածը ներբեռնելուց հետո իր սմարթֆոնի էկրանին հայտնվել է «սատանայի կովի պոզավոր գլուխը», որը նրան հանձնարարություններ է տվել:
«Երբ ես մտնում էի հավելվածի մեջ, այն սկսում էր ինձ վերածել իր խամաճիկի»,- ասել է Դալթոնը:
Նա մեղադրվում է փետրվարի 20-ին իր մեքենայի պատուհանից 6 մարդու գնդակահարելու և ևս 2 մարդու սպանության փորձի համար: Նա շրջել է քաղաքում 5 ժամ, ընդ որում՝ շարունակել է տեղափոխել հաճախորդներին:
Եթե նրան մեղավոր ճանաչեն, ապա նրան ցմահ ազատազրկում է սպառնում. Միչիգանում բացակայում է մահապատիժը:










