Բրեյվիկը հայտարարել է, որ վերանայել է իր հայացքները և այժմ խաղաղ պայքարի կողմնակից է
77 մարդու սպանության համար 21 տարվա ազատազրկման դատապարտված նորվեգացի Անդերս Բերինգ Բրեյվիկը չորեքշաբթի օրը բանտում «անմարդկային պայմանների» հետ կապված նորվեգական պետության դեմ դատավարության ընթացքում ասել է, թե վերանայել է իր հայացքները և այժմ խաղաղ պայքարի կողմնակից է, գրում է РИА Новости-ն:
«Ես կպայքարեմ նացիոնալ-սոցիալիզմի համար մինչև մահ։ Գուցե հինգ տարի առաջ ես ավելի ֆանատիկ ռասայական մարտիկ էի Եվրոպայում, բայց այդպես նախկինում էր»,- ասել է Բրեյվիկը:
Դատը սկսվել է մարտի 15-ին և անց է կացվում Շիեն քաղաքի բանտի մարզադահլիճում: Նորվեգական ԶԼՄ-ները չեն հեռարձակում դատական նիստն ուղիղ եթերով, սակայն Բրեյվիկի խոսքերը կարելի է կարդալ մասնավորապես NRK նորվեգական հեռուստառադիոընկերության կայքում: Դատը կտևի մինչև մարտի 18-ը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկը, ով դատական հայց է ներկայացրել Նորվեգիայի իշխանությունների դեմ` բողոքելով իր բանտային պայմաններից, դատական նիստի մեկնարկի ժամանակ նացիստական ոճով ողջույն է հղել։
37-ամյա ոճրագործը, ում ծրագրած կրկնակի ահաբեկչության հետևանքով 2011թ. մահացել էր 77 մարդ, բողոքել է, որ ինքը բանտում ապրում է «անտանելի» պայմաններում: Հանցագործի խոսքով՝ անազատության մեջ ինքը դարձել է «դաժան ու ոչ մարդկային» վերաբերմունքի զոհ:
Բրեյվիկը, մասնավորապես, բողոքում է համակարգչի, համացանցի բացակայությունից, ինչպես նաև PlayStation խաղային կցորդ է պահանջում։










