Բրյուսելում 4 ոստիկան է վիրավորվել, սպանվել է 1 ծայրահեղական
Բրյուսելում 3 բելգիացի և մի ֆրանսիացի ոստիկան է վիրավորվել, զինված ծայրահեղականը սպանվել է: Այսպիսին են բելգիական և ֆրանսիական ոստիկանության համատեղ հակաահաբեկչական գործողությունների արդյունքները Բրյուսելի Ֆորե համայնքում, որն անցկացվել է 2015թ. նոյեմբերի 13-ին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների հետաքննության շրջանակում, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
Այս տվյալները պաշտոնական հայտարարությամբ հաստատել է բելգիական դաշնային դատախազությունը: Հայտարարությունում նշվում է, որ ոստիկանության ուղղությամբ, հավանաբար, կրակել է մի քանի մարդ, սակայն մյուս հանցագործների մասին տեղեկություններ չկան:
«Գործողության ընթացքում մեկ կամ մի քանի մարդ սկսել են կրակել ոստիկանների ուղղությամբ, երբ նրանք բացել են բնակարանի դուռը: Չորս ոստիկան վիրավորվել է, 3-ը` նույն պահին, նրանցից մեկը ֆրանսիացի ոստիկան է, 4-րդը վիրավորվել է ավելի ուշ: Կասկածյալներից մեկը սպանվել է: Նրա ինքնությունը պարզվում է»,- նշվում է փաստաթղթում:
Հիշեցնենք, որ Փարիզում նոյեմբերի 13-ին ահաբեկչությունների շարք էր տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել էր ավելի քան 130 մարդ։










