Գագիկ Սուրենյանը հուշում է, թե որ ժամերից է պետք ծխահարել այգիները՝ ցրտահարության վտանգը մեղմացնելու համար
«Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանն իր Facebook-ի էջում զգուշացնում է, թե որ ժամերից է պետք ծխահարել այգիները՝ ցրտահարության վտանգը մեղմացնելու համար:
«Ցրտահարության վտանգը զգալիորեն մեղմացնում է այգիների ծխահարումը և առատ ոռոգումը: Սակայն դա անհրաժեշտ է կատարել այն ժամանակ, երբ օդի ջերմաստիճանը մոտենում է 0-ին, դա սովորաբար տեղի է ունենում գիշերը ժամը 03:00-ից հետո, ուստի, անհրաժեշտ չէ այդ միջոցառումները սկսել հենց երեկոյան ժամերից, այսինքն՝ արևի մայր մտնելուց հետո»,-նշում է նա:
Հիշեցնենք, որ այսօր Գագիկ Սուրենյանը տեղեկացրել էր, որ այս գիշեր՝ մարտի 17-19-ին հանրապետության հովտային հատվածներում սպասվում է ցրտահարություն, որը հնարավոր է կրկնվի նաև մարտի 21-ին:
Գագիկ Սուրենյանը նշեց, որ, ելնելով այս հանգամանքից, ինքն իր ֆեյսբուքյան էջում ողջ գիշեր կհրապարակի հանրապետության հովտային գոտիների օդի ջերմաստիճանը: «Այդպես կարող եք հստակ կողմնորոշվել, թե կոնկրետ որ ժամից սկսել ծխահարման և ոռոգման աշխատանքները ձեր այգիներում և հողատարածքներում»,-նշում է նա:










