Պարտքով գումար խնդրող հյուրի նկատմամբ կիրառվել է բռնություն. քրեական գործի նախաքննությունն ավարտվել է

18:41 • 16.03.16

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է քաղաքացուն՝ Ն.Մկրտչյանին, ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

 

Քրեական գործի  նախաքննությամբ պարզվել է, որ տուժողը և առերևույթ հանցագործություն կատարած անձը նախկինում գտնվել են լավ հարաբերությունների մեջ և հաճախակի այցելել միմյանց։ Դեպքի օրը՝ 2015 թվականի մայիսի 30-ին` ժամը 20:00-ի սահմաններում, գործով տուժողը գնացել է իր ծանոթ Դ.Հովհաննիսյանի տուն՝ գումար խնդրելու։ Գումարային հարցի շուրջ առաջացել է վիճաբանություն, որի ժամանակ տանտերը  հյուրի նկատմամբ կիրառել է բռնություն՝ ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ հասցրել  հյուրի գլխին և մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ և դուրս հանել տանից։


Դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ տուժողին պատճառվել է կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնաս՝ գլխի, դեմքի շրջանների քերծվածքների, արյունազեղումների, սալջարդ վերքերի, գանգի հիմի կոտրվածքի, քթի ոսկրերի և հայմորյան ծոցի առաջային պատի կոտրվածքների, ենթաոստայնային արյունազեղման, գլխուղեղի միջին աստիճանի սալջարդի, իրանի, վերին և ստորին վերջույթների շրջանների քերծվածքների, արյունազեղումների, առաջին գոտկային ողի կոտրվածքի ձևով:


Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Դ.Հովհաննիսյանին  մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը):


Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: Մեղադրական եզրակացությունը հաստատվել է, և գործն ուղարկվել  դատարան:
 

Պարտքով գումար խնդրող հյուրի նկատմամբ կիրառվել է բռնություն. քրեական գործի նախաքննությունն ավարտվել է