ՌԴ-ում դասախոսներն ուսանողներին կպատմեն ԻՊ-ի ահաբեկիչների կողմից անդամագրման մեթոդների մասին. «Իզվեստիա»
Ռուսաստանյան բուհերում դասախոսներն ապրիլին հատուկ մեթոդաբանությամբ ուսանողներին կպատմեն «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչների կողմից անդամագրման մեթոդների մասին և կսովորեցնեն հակազդել մանիպուլյացիաներին, գրում է «Իզվեստիա»-ն:
Ինչպես հայտնում է թերթը, «Ահաբեկչական և ծայրահեղական կազմակերպություններում երիտասարդության ներգրավման մասին նախազգուշացում» մեթոդական ձեռնարկը մշակել է Հանրային պալատը և ԱՊՀ անդամ պետությունների հակաահաբեկչական կենտրոնը: Առաջին տպաքանակը կազմելու է 5 հազար օրինակ:
Փաստաթղթում մանրամասն դիտարկվում են ծայրահեղական կազմակերպություններին երիտասարդության անդամագրման ձևերը, այդ թվում՝ այդ նպատակներով հոգեբանական մանիպուլյացիոն հնարքների կիրառումը:
Ձեռնարկում նշվում է, որ այսօր բուհերը գտնվում են անդամագրողների «թիրախում»։ Հենց այդտեղ են հաճախ գրանցվում «Իսլամական պետության» և այլ նմանատիպ խմբերի կողմից երիտասարդներին ներգրավելու փորձերը։










