Սիրիական ընդդիմությունը դեմ չէ Ասադին քաղաքական ապաստան տրամադրելուն

12:03 • 16.03.16

Սիրիական ընդդիմությունը դեմ չէ, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը քաղաքական ապաստան ստանա մեկ այլ երկրում։ Այդ մասին լրագրողներին հայտնել է Սիրիայի ընդդիմադիր Բանակցությունների հարցերով բարձրագույն կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սալեմ ալ-Մուսլիտը:

 

Խոսելով Սիրիայի նախագահի ապագայի մասին՝ ալ-Մուսլիտը նշել է, որ «Ասադների ընտանիքն իշխանության է եղել տասնամյակներ շարունակ, նրանք չեն կարող իշխանության մնալ հավերժ»:

 

Պատասխանելով Ռուսաստանի կողմից Ասադին ապաստան տալու հիպոթետիկ հնարավորության մասին հարցին՝ ալ-Մուսլիտն ասել է. «Մենք ահաբեկիչներ չենք, և մենք դանակ չունենք մեր ձեռքերում, որ նրան մեջքից հարվածենք: Որովհետև մենք ցանկանում ենք նրան դատարան ուղարկել իր իրականացրած հանցագործությունների համար: Բայց մենք մարդասպաններ չենք, և մենք դեմ չենք, եթե մի երկիր փորձի մեզ օգնել և նրան մի տեղ տանի»:

 

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Մոսկվան չի աջակցում Բաշար ալ-Ասադի ռեժիմին, բայց աջակցում է նրան ահաբեկչության դեմ պայքարում։ Իսկ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ընդգծել է, որ «Ասադի ճակատագիրը պետք է սիրիացիներն իրենք որոշեն, այլ ոչ Ռուսաստանը»:

Սիրիական ընդդիմությունը դեմ չէ Ասադին քաղաքական ապաստան տրամադրելուն