Թուրքիան ցանկանում է սադրել Սիրիայի քրդական ջոկատներին. քուրդ գործիչ

17:24 • 16.03.16

Թուրք զինվորականները պարբերաբար կարճ ժամանակով ներխուժում են Սիրիայի տարածք, որպեսզի քրդական ջոկատներին սադրեն պատասխան կրակ բացել։

 

Այդ մասին РИА Новости գործակալությանն ասել է «Սիրիական ժողովրդավարական ուժերի» պաշտոնական ներկայացուցիչ Թալյալ Սալուն։

 

«Թուրք զինվորականները մշտապես մտնում են Սիրիայի տարածք և անմիջապես դուրս են գալիս, որպեսզի սադրեն քրդերին՝ դրդելով պատասխան կրակ բացել։ Սակայն նրանց չի հաջողվի մեզ բախումների մեջ ներքաշել, որպեսզի մեր ուշադրությունը շեղեն ԻՊ-ից և որ մենք կռվենք թուրքական բանակի դեմ»,-ասել է Սալուն։

 

Նրա խոսքով՝ թուրքական հրետանին ամեն օր գնդակոծում է իրենց ուժերը։

 

«Կրակ է բացվում մեկ Աֆրինի, մեկ Քամշլիի ուղղությամբ։ Միևնույն ժամանակ, նրանք մոտ 90 կիլոմետրանոց ընդհանուր սահման ունեն ԻՊ-ի հետ, սակայն դեռ ոչ մի փամփուշտ չի ընկել նրանց տարածք»,-ասել է զինվորականը։

 

Ավելի վաղ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում կայացած ճեպազրույցի ընթացքում հայտարարել էր, որ Թուրքիան խախտում է Իրաքի ու Սիրիայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։

 

«Սիրիայի ժողովրդավարական ուժեր» միավորումը գործում է Սիրիայի հյուսիսում։ Խմբավորման հիմնական կորիզը կազմում են քրդական ազգային ինքնապաշտպանական ուժերը։
 

Թուրքիան ցանկանում է սադրել Սիրիայի քրդական ջոկատներին. քուրդ գործիչ