Շինարարության որակը ՀՀ-ում անհամեմատ լավ է, քան խորհրդային տարիներին. Ն. Սարգսյան

18:10 • 17.03.16

Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը համակարծիք չէ Tert.am-ի դիտարկմանը, որ շինարարության որակը Հայաստանում չի վերահսկվում և երկրաշարժից դասեր չենք քաղել, ինչի ապացույցն է ինչպես Վերահսկիչ պալատի կողմից ժամանակ առ ժամանակ հայտարարվող բացթողումներն ու «ատկատները», այնպես էլ բոլորովին վերջերս Ազատության պողոտայում փլուզված պատի դեպքը, որը, ըստ քաղաքապետարանի, վատ շինարարության հետևանք էր:


«Շինարարության որակը Հայաստանում  խորհրդային  տարիների հետ համեմատած անհամեմատ լավ է, սա ընդունեք որպես պաշտոնական դիրքորոշում, սեյսմակայունությունն էլ է անհամեմատ լավ: Մենք երկրաշարժ ենք տեսել և համեմատելի չի: Շատ դասեր ենք մենք երկրաշարժից քաղել, և այդ գնահատականները ոչ պրոֆեսիոնալ խոսակցություններ են, կա պետության կողմից տեխնիկական հսկիչ, վերահսկողական մարմիններ կան, և ամեն ինչ ստեղծված է  շինարարության որակի համար»,- ասաց նա:


Նարեկ Սարգսյանն անդրադարձավ ՎՊ-ի ուսումնասիրությունների մասին հայտարարությանը և նշեց,  որ դրանք եղել են տարիներ առաջ և արդեն 2014-ից հետո լրջորեն ուսումնասիրել են բացերը և բազմաթիվ փոփոխություններ են արել: «Չգիտեմ որևէ դեպք, որին  ՎՊ-ն վերջին երկու տարում նման եզրակացություն տված լինի: Ավելին ասեմ, նախարարությունում իմ գալով այդ բոլոր տենդերները բավական քանակով ապակենտրոնացրել ենք և տեղափոխել ենք մարզպետարաններ կամ այլ նախարարություններ: Այսինքն՝ միշտ այն կարծիքին եմ եղել, որ քաղաքաշինության  նախարարությունը դա շինարարության նախարարությունը չի, և քաղաքաշինության նախարարությունը չի կարող լինել շինարարություն իրականացնող նախարարություն»,- ասաց նա:


Ինչ վերաբերում է պատի փլուզմանը, նախարարը նշեց, թե ինքը մանրամասների այս պահին չի տիրապետում, բայց կադրերից ակնհայտ երևում է, որ սխալ կառուցած հենապատ է: «Այսինքն՝ հաշվի չի առնված, որ հողի մեջ ջրեր են անցնելու և գնալու են, այնտեղ սխալ արված  պրոյեկտ է, որը մասնավորն է իրականացրել»,- ասաց նա:


Իսկ այն, որ դա պատճառ է այն բանի, որ տենդերներն իրենց ծանոթներն են շահում, նախարարը հավատացրեց, թե այլևս տենդերները բաց են: «Էլեկտրոնային տարբերակով է և ցանկացած մեկը տանը կարող է նստել և մասնակցել, փոխվել է համակարգը»,- ասաց նա: 

 

 

Շինարարության որակը ՀՀ-ում անհամեմատ լավ է, քան խորհրդային տարիներին. Ն. Սարգսյան