ԵՄ տասը երկրներ դեմ են հանդես եկել «Հյուսիսային հոսք-2»-ի իրականացմանը
Եվրամիության տասը երկրներ, այդ թվում՝ Ռումինիան, Եվրահանձնաժողով նամակ են ուղարկել, որտեղ նշում են, որ «Հյուսիսային հոսք-2» նախագիծը հակասում է ԵՄ շահերին: Այդ մասին РИА Новости-ին հայտնել է Ռումինիայի վարչապետի խորհրդական Դան Սուչուն:
«Այո, նման նամակ գոյություն ունի: Ես չգիտեմ այդ փաստաթղթի բոլոր մանրամասները: Գիտեմ, որ այդ թեման չի համապատասխանում էներգետիկ զարգացման եվրոպական ռազմավարությանը: Նամակը հասցեագրված է Բրյուսելում Եվրոպական հանձնաժողովին՝ 10 երկրների կառավարությունների կողմից»,- ասել է Սուչուն:
Ավելի վաղ Reuters գործակալությունը հայտնել է, որ ԵՄ ութ երկրներ Եվրահանձնաժողովին ուղղված նամակում հանդես են եկել «Հյուսիսային հոսք-2» նախագծի դեմ:
«Հյուսիսային հոսք-2» նախագիծը ենթադրում է ընդհանուր տարեկան 55 միլիարդ խորանարդ մետր գազ հզորությամբ գազամուղի երկու գծի կառուցում ՌԴ-ից Բալթիկ ծովով մինչև Գերմանիա։ Նոր գազամուղը նախատեսվում է կառուցել «Հյուսիսային հոսք-1»-ի կողքին: Նախագծի դեմ ակտիվ հանդես է գալիս Ուկրաինան, որը դրա իրականացման դեպքում կկորցնի իր դերը որպես Եվրոպա ռուսական գազի տարանցումն ապահովող երկիր։










